Հովհաննես Ղազարյան. «Իմ քայլը» հիմնադրամը նոր լուծումներ է առաջարկում հին խնդիրներին

20 Սեպտեմբերի, 2019
ՌԴ Յարոսլավլ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները ՀՀ Անկախության տոնի միջոցառման շրջանակներում ծանոթացել են «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանը։

Սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօերն Հովհաննես Ղազարյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Յարոսլավլում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը, Յարոսլավլի նահանգի ադմինիստրացիայի ղեկավար Իլյա Բալանինը, ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանորդ Փոլ Բերտրան Բարետսը, Յարոսլավլի նահանգային խորհրդարանի պատգամավոր Տիգրան Ղազարյանը, համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հյուրեր ներկա են գտնվել ՌԴ Յարոսլավլ քաղաքի Ֆեոդոր Վոլկովոյի անվան ռուսական ակադեմիական թատրոնում կազմակերպված Հայաստանի անկախության 28 և Շառլ Ազնավուրի 95-ամյակներին նվիրված տոնական միջոցառմանը։

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանն իր ելույթի սկզբում նախ շնորհակալություն է հայտնել բարեկամական Ռուսաստանի ամենահին քաղաքներից մեկի՝ Յարոսլավլ այցելելու հրավերի համար, ինչպես նաև անդրադարձել է «Իմ քայլը» և ‹«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամների գործունեությանը։

«Թանկագի՛ն բարեկամներ, ուզում եմ նաև համառոտ ձեզ տեղեկացնել իմ նախաձեռնությամբ ստեղծված ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› հիմնադրամների գործունեության մասին։ ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի առաքելությունն է նպաստել առողջ, կիրթ և ներառական հասարակության կառուցմանը, որտեղ յուրաքանչյուրը կունենա իր ներուժի բացահայտման և իրացման հնարավորություն։ Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու կլինի իր սեփական և հանրային բարեկեցության համար։ Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում մշակույթի և կրթության, բնապահպանության, սոցիալական ապահովության ոլորտներում։

Նույն օրը երեկոյան Աննա Հակոբյանը և Հովհաննես Ղազարյանը մասնակցել են Յարոսլավլի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանի անունից տրված հանդիսավոր ընդունելությանը, որի ընթացքում ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը հյուրերին ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը, նախագծերն ու արդեն կատարված աշխատանքները՝ վստահեցնելով, որ «Իմ քայլը» հիմնադրամն ունի մեծ նպատակներ և նոր լուծումներ է առաջարկում հին խնդիրներին։


20 Սեպտեմբերի, 2019