«Իմ քայլը» հիմնադրամը «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի աջակիցների թվում է
Մայրաքաղաք Երևանը Սեպտեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 7-ը կհյուրընկալի և կներկայացնի գեղարվեստական տպագրության ոլորտում գործող և միջազգային ճանաչում վայելող արվեստագետների և նրանց աշխատանքները։
Գեղարվեստական տպագրության առաջին բիենալեն տեղի է ունեցել 2017 թվականին։ Արդեն երկրորդ անգամ տեղի ունեցող մշակութային այս ծանրակշիռ իրադարձությունը նպատակ ունի միավորելու գեղարվեստական տպագրության մասնագետներին, միջազգայնացնել հայ արվեստը, ստեղծել մասնագիտական մշակութային երկխոսության հարթակ, նպաստել հայ և օտարերկրացի արվեստագետների փոխայցելություններին՝ նպաստելով հայկական գեղարվեստական տպագրության զարգացմանն ու ամբողջ աշխարհում նրա հանրայնացմանը։
Այս տարի Բիենալեին մասնակցելու համար դիմել են 1227 արվեստագետ 76 երկրներից։ Միջազգային ժյուրին ընտրել է 52 երկրից 227 արվեստագետի՝ իրենց 357 աշխատանքներով։
«Մշակութային երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը Բիենալեի մեկնարկի առիթով նշել է, որ կազմակերպության առաջնային ուղղություններից է գեղարվեստական տպագրության ոլորտի զարգացումը Հայաստանում։ Առաջին բիենալեի համեմատ այս տարի հայ մասնակիցների թիվը կրկնակի ավելացել է, ինչպես նաև Գեղարվեստի ակադեմիայի գեղարվեստական տպագրության բաժնում ավելացել է դիմոդների թիվը։
«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»–ի միջազգային ժյուրին բաղկացած է 5 մասնագետից, որոնք Բիենալեի բացումից մի քանի օր անց կընտրեն հաղթող աշխատանքները և արվեստագետներին։ Միջազգային ժյուրիի նախագահն է դոկտոր պրոֆ. Մատեուշ Օտրեբան (Լեհաստան), ժյուրիի փոխնախագահ՝ Մարգարիտ Լեհմանը (Շվեյցարիա), ինչպես նաև միջազգային ժյուրիի անդամներն են՝ Հերբերթ Մայերը (Գերմանիա), Լիան Նգն (ԱՄՆ) և Սոնա Հարությունյանը (Հայաստան):
Բիենալեի շրջանակում բացի մրցութային ցուցադրությունից, կազմակերպվելու են անհատական ցուցահանդեսներ՝ լեհ արվեստագետ, Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալեի առաջին մրցանակակիր Տոմաշ Վինյարսկու (սեպտեմբերի 14-ից), հայ արվեստագետ Սամվել Համբարձումյանի (սեպտեմբերի 18-ից), չին արվեստագետ, Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեի երկրորդ մրցանակակիր Մինյե Ժանգի (հոկտեմբերի 5-ից), գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի ցուցահանդեսները (հոկտեմբերի 25-ից) , էստոնացի արվեստագետների մեկ խմբային ցուցահանդեսը (հոկտեմբերի 3-ից) և ֆրանսիացի արվեստագետ Բրիս Ամմար-Խոջայի (նոյեմբերի 1-ից) վարպետության երեք դաս։
Գեղարվեստական տպագրության (էստամպային գրաֆիկա) միջազգային ցուցադրություն-մրցույթների կազմակերպումը սկսվել է XX դարի երկրորդ կեսից: Այդ տարիներին են հիմնադրվել Լյուբլյանայի Գրաֆիկական արվեստի բիենալեն (1955թ.), Կրակովյան էստամպային տրիենալեն (1966թ.), Տալլինի Գեղարվեստական տպագրության տրիենալեն (1968թ.), Լոձի Փոքրածավալ գրաֆիկայի միջազգային տրիենալեն (1979թ.), որոնք այսօր էլ կերպարվեստի այս ճյուղի հանրահռչակման հեղինակավոր կենտրոններից են: Այժմ աշխարհում գոյություն ունեն շուրջ հիսուն պարբերաբար գործող ցուցադրություններ, ամենալայն աշխարհագրությամբ՝ Կանադա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Լեհաստան, Մերձբալթյան երկրներ, Ռուսաստան և այլն:
Գեղարվեստական տպագրությունն ամենևին նկարիչ-գրաֆիկների առանձնաշնորհը չէ. բոլոր արվեստագետները (գեղանկարիչներ, քանդակագործներ, խեցեգործներ և այլն) այսպես թե այնպես իրենց մասնագիտական գործունեության ընթացքում առնչվում են տարաբնույթ գրաֆիկական ձևակերտական եղանակների հետ. էստամպի ամենատարբեր տեխնիկաներով ստեղծագործել են Ռաֆաելը, Դյուրերը, Ռեմբրանտը, Գոյան, Մոնեն, Ռենուարը, Պիկասսոն և այլք:
«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»–ի մրցանակաբաշխություը տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում։
Բիենալեի Մրցանակակիր արվեստագետներն են․
Գլխավոր մրցանակակիր՝ Հուի Ժանգ (Չինաստան)՝ «Հայացք դեպի լույսը - 2» 2017,ստեղծագործության համար,
Առաջին մրցանակակիր՝ Ռաթանա Սուջարիթ (Թաիլանդ)՝ «Լուսադեմին․ ժամը 02։00» 2017, ստեղծագործության համար,
Երկրորդ մրցանակակիր՝ Քշիշտոֆ Տոմալսկի (Լեհաստան)՝ «Առաջացում VI աստղաֆիզիկոսների համար» 2018, ստեղծագործության համար,
Երրորդ մրցանակակիր՝ Սուպատանավադե Մուանթա (Թաիլանդ)՝ «Գենդերային դերերի խախտում» 2018,ստեղծագործության համար,
Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի մրցանակները հեղինակել է քանդակագործ Էդգար Գրիգորյանը։
Ժյուրիի կողմից պատվոգրի արժանացան՝
Թինգթինգ Չենը (Չինաստան)
Թրեյսի Թեմփլթոնը (ԱՄՆ)
Սադեհ Գոլրիզը (Իրան)
Ժիան Սիվեի Ժիանը (Չինաստան)
Թոմաս Քուսինգը (Էստոնիա)
Օլիվեր Պիլիչը (Լեհաստան)
Վաի Վոնգը (ՀոնգԿոնգ)
Աքավատ Դեետոն (Թաիլանդ)
Բրենդի Գրոգանը (ԱՄՆ)
Մերի Անդրեասյանը (Հայաստան)
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սահմանված հատուկ մրցանակը շնորհվեց հայ
արվեստագետ ԱՐՄԱՆ ՎԱՀԱՆՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետությունում գեղարվեստական տպագրության
ավանդույթների պահպանման, զարգացման, միջազգայնացման և գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար։
Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե,Երևան 2019-ը բաց է մինչև նոյմեմբերի 7-ը։
Այլ լուրեր

