Կամուրջ՝ կարիքի ու հնարավորության միջև. երեք դաշնամուրներն ուղևորվեցին մարզեր
Պատմությունն սկսվեց, երբ սփյուռաքահայ գործարար Սարգիս Կազանջյանը պատրաստակամություն հայտնեց երեք էլեկտրոնային դաշնամուր նվիրել «Իմ քայլը» հիմնադրամին։ Նվիրատուի ցանկությամբ Հիմնադրամն իր հայեցողությամբ դաշնամուրները պետք է նվիրաբերեր գործիքի կարիքն ունեցող համապատասխան կազմակերպությունների։
Քննարկումների արդյունքում որոշվեց, որ դաշնամուրները կուղևորվեն Իջևանի թիվ 8 մանկապարտեզ, Արմավիրի թիվ 10 հիմնական ներառական դպրոց և Արմավիր համայնքի մանկապարտեզ։ Որոշումները կայացնելիս հաշվի են առնվել գործընկեր կազմակերպությունների երաշխավորությունները և նրանց արդյունավետ համագործակցությունն այդ հաստատությունների հետ, ինչպես նաև հիմնադրամի պատասխանատու աշխատակիցների ուսումնասիրություններն ու դիտարկումները։ Որպես դաշնամուրների նվիրառու ընտրվել են հատկապես մարզային հաստատություններ, քանի որ մարզերի երեխաների համար հավասար հնարավորություններ և զարգացնող միջավայր ստեղծելը Հիմնադրամի համար հատուկ կարևորության հարց է։
Արժանահիշատակ է նաև, որ նվիրատուն անձամբ է տեղ հասցրել երաժշտական գործիքները, անձամբ կարգաբերել դրանք և ականատես եղել, թե ինչ մեծ ոգևորությամբ են ընդունվել նվերները։ Շնորհակալ ենք այս սրտաբուխ և բովանդակալից նվիրատվության համար։