Հանդիպում Արցախի նախագահի հետ
Հովհաննես Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար, համառոտ պատմել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մասին։ Նա նշել է, որ հիմնադրամի թիմը Արցախում է՝ մասնակցելու հուլիսի 13-ին Ստեփանակերտում «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ եւ հովանու ներքո կայանալիք «Լույսի մոլորակ» մոր եւ մանկան էքսպոյին։ Ղազարյանն ասել է, որ մարտին Երեւանում կայացած էքսպոյի հաջողությունը ոգեշնչել է երեխաներին ու ծնողներին կրթական-ժամանցային տոն պարգեւող կոնֆերանս-ցուցահանդեսը կազմակերպել նաեւ Երեւանից դուրս, եւ որպես առաջին նպատակակետ ընտրվել է հենց Արցախը։ Գործադիր տնօրենն ավելացրել է, որ էքսպոյի շրջանակներում իրազեկում է իրականացվելու Հիմնադրամի «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի վերաբերյալ։ «Ընդհանրապես, այն ամենը, ինչ մենք անում ենք Հայաստանում, անելու ենք նաեւ Արցախում։ Այսինքն՝ մեր բոլոր ծրագրերի շահառու ենք համարում նաեւ Արցախի բնակիչներին»,- ասել է Ղազարյանը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ առաջին քայլերից է նաեւ աջակցությունը Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքի մանկապարտեզի վերանորոգմանը, որի բացման արարողությունը տեղի կունենա ընթացիկ այցի շրջանակներում։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ողջունել է Հիմնադրամի ներկայացուցիչների այցն Արցախ։ Կարեւորելով ներկայացված ծրագրերը՝ նախագահն ընդգծել է իր և իր թիմակիցների պատրաստակամությունը աջակցելու, որ Հիմնադրամը խորությամբ տիրապետի Արցախի իրավիճակին եւ խնդիրներին։ «Մեզ համար կարեւոր է, որ դուք տիրապետեք Արցախի զարկերակին, քանի որ զարկերակին տիրապետելը միշտ առավելություն է տալիս նրանց, ովքեր ուզում են իրական օգուտ տալ։ Մեր ցանկությունն է, որ մեր համագործակցությունը բխի իրական կյանքից, հիմնված լինի Արցախի Հանրապետության առաջնահերթությունների վրա»,- ասել է նախագահը։
Հիմնադրամի ներկայացուցիչներն այցի շրջանակներում հանդիպումներ են ունենալու հնարավոր գործընկերների հետ, այդ թվում՝ պետական կառույցներից՝ քննարկելու Արցախում Հիմնադրամի ծրագրերն իրականացնելու հնարավորությունները։
Հանդիպումից հետո Հիմնադրամի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ։ Զրույցի ընթացքում նախարարը ներկայացրել է Արցախի կրթական ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները, քննարկվել են Հիմնադրամի կողմից մշակվող՝ դպրոցներում մարզադահլիճների եւ սանհանգույցների վերանորոգման եւ ֆիզպատրաստության մասնագետների վերապատրաստման միջոցով առողջ ապրելակերպի խթանման ուղղված ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունները։