«Լույսի մոլորակ» մոր և մանկան փառատոնն ուղևորվում է Արցախ
Այս տարվա մարտի 23-ին Երևանում տեղի ունեցավ «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը, որին մասնակցեց ավելի քան 10 հազար այցելու։ Միջոցառումը ստեղծեց միջավայր, որը նպաստում է ժամանակակից հասարակությունում հոգեպես ու ֆիզիկապես առողջ, զարգացած, կիրթ, ինտեգրված ու բարձր արժեքային համակարգով մարդու կերտմանը: Միջոցառման հաջողությունը միտք առաջացրեց այն դարձնել ամենամյա, ինչպես նաև անցկացնել ՀՀ մարզերում և Արցախում, քանի որ համանման միջոցառումները՝ թե կրթական, թե ժամանցային բաղադրիչով, հատկապես պահանջված ու անհրաժեշտ են Երևանից դուրս։
Եվ ահա հուլիսի 13-ին «Լույսի մոլորակ» կոնֆերանս-ցուցահանդեսը տեղի է ունենալու Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Միջոցառումումը, որի կազմակերպիչը CREO Project Solutions ընկերությունն է, անցկացվելու է «Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցությամբ, ԱՀ առողջապահության ու մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների մասնակցությամբ։
Լայնամասշտաբ այս նախագիծը սոցիալական ամենատարբեր խավերի մայրիկների և մանուկների համար հավասար հնարավորություններ կստեղծի՝ ներառական միջավայրում ստանալու կարևոր տեղեկատվություն, ծանոթանալու կրթական այլընտրանքային ծրագրերին և մասը կազմելու զարգացնող միջոցառումներին։ Այն կնպաստի հատուկ կարիքներով երեխաների և նրանց ընտանիքների խնդիրների բարձրաձայնմանը և նրանց ինտեգրմանը հասարակությանը: Կարևոր է, որ միջոցառման շրջանակներում առաջատար կրթական հաստատությունների կողմից ներկայացվող կրթական բաց դասերին հնարավորություն կունենան մասնակցելու բոլորը, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները՝ օգտվելով զարգացմանն ուղղված ամենատարբեր ծրագրերից, որոնք այլ պայմաններում նրանց հասանելի չեն:
Ծրագիրը ներառում է բաց և անվճար դասախոսությունների շարք ծնողների համար (առողջ ընտանիքի և հղիության գրավականը, հատուկ կարիքների վաղ բացահայտումը, կրծքով սնուցման առավելությունները, նեոնատալ խնամք և այլն), մի շարք թեմաներով անվճար մասնագիտական խորհրդատվություն երեխաների և մայրիկների համար, հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հիմնահարցերի վերաբերյալ քննարկումներ և բանախոսություններ:
Ժամանցային ծրագիրը նույնպես հագեցած է։ Մասնավորապես, «Հեքիաթի ժամի» շրջանակներում հանրահայտ և սիրված գործիչները երեխաների համար հեքիաթներ կընթերցեն գրադարանային ինքնատիպ միջավայրում: Կանցկացվեն արվեստի բաց դասեր՝ նկարչություն, կավագործություն, պար, ձեռքի աշխատանք, տիկնիկագործություն։ Այլ հարթակներում մանուկները կմասնակցեն մտավոր թվաբանության, զարմանահրաշ քիմիայի և ֆիզիկայի, ռոբոտաշինության, ինտերներ անվտանգության, մարտարվեստների բաց դասերին, կդիտեն հայկական մուլտֆիլմեր և տիկնիկային ներկայացում, հնարավորություն կունենա ացելելշարժական պլանետարիում, իսկ ծնողների և փոքրիկների համար նախատեսված սպորտային բաց դասերը կնպաստեն առողջ ապրելակերպի քարոզչությանը:
Միջոցառումը տեղի է ունենալու Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում հուլիսի 13-ի ժամը 14։00-21։00-ը։ Մուտքն ազատ է։